Նախօրեին Արցախում կայացավ սահմանադրական հանրաքվեն: Ըստ նոր Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերանվանում է Արցախի Հանրապետություն։ Դա նոր Սահմանադրության«արտաքին» կողմն է։ Ինչ վերաբերվում է բովանդակային հարցին, ապա իշխանությունը Ղարաբաղում դառնում է ավելի կենտրոնացված. վարչապետի պաշտոն այլևս չի լինելու, իսկ կառավարությունն ուղիղ ղեկավարելու է պետության գլուխը` նախագահը։
VERELQ-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ են խոսում այն մասին, որ պատերազմող երկրի նախագահի իշխանական լիազորությունները պետք է էապես ընդլայնվեն և առաջարկվող նախագիծը հենց այս խնդիրն է լուծում: Գործնականում, սակայն, այդ փոփոխությունները հանգեցնելու են նրան, որ մինչև 2020 թվականը Արցախի նախագահ է հանդիսանալու ժողովրդի քվեն չստացած մեկը:
«Բանն այն է, որ ըստ ներկայացված նախագծի այդ ժամանակահատվածի համար սահմանված է անցումային շրջան, որի ընթացքում երկրի նախագահ է լինելու Արցախի գործող ԱԺ-ի կողմից ընտրված անձը, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն օտարված է լինելու սեփական երկրի իշխանությունը ձևավորելու իր անվիճարկելի և չմիջնորդավորված իրավունքից: Անշուշտ, այս հանգամանքն արցախյան ժողովրդավարության ապագայի նկատմամբ լավատեսություն չի կարող ներշնչել»,- նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բարձրացված հիստերիային, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների կողմից հնչեցրած հայտարարություններին, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե իրենք չեն ճանաչում հանրաքվեն, Մելիքյանը հիշեցրեց, որ Արցախում անցկացվող համապետական և ոչ մի ընտրություն կամ հանրաքվե չի ճանաչվել օտար պետությունների կողմից: Լավագույն դեպքում ասվել է, որ այդօրինակ քվեարկություններն Արցախի ներքին կյանքը կանոնակարգելուն միտված միջոցառումներ են, որոնց արդյունքները, սակայն, որևէ կերպ չեն կարող կանխորոշել հակամարտության կարգավորման վերջնարդյունքը և Արցախի ապագա հնարավոր կարգավիճակը.
«Իմ տեսանկյունից, մտահոգիչը ոչ թե օտարների պահվածքն է, այլ այն, որ առ այսօր մարդիկ մասնակցում են քվեարկության, չունենալով իրենց ձեռքին Արցախի քաղաքացիությունը հավաստող անձը հաստատող փաստաթուղթ: Ըստ էության, այս պահի դրությամբ Արցախը ո՛չ լիարժեք քաղաքացիներ ունի, ո՛չ էլ հստակ սահմաններ», - ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կտան սահմանադրական փոփոխությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց, թե այն տպավորությունն ունի, որ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս տրամաբանության շրջանակներում այս փոփոխությունները տեղի բարձրագույն գործադիր իշխանությանը հավելյալ հնարավորություններ են ընձեռելու միանձնյա որոշումներ կայացնելու: Օրինակ, Արցախի նոր վարչատարածքային բաժանումը սահմանելու հարցում.
«Իսկ դա, մեծ հաշվով, կարող է դիտարկվել նաև տարածքներ հանձնելու հեռանկարի համատեքստում: Ժամանակը ցույց կտա, թե այս մտահոգությունները որքանով կնյութականանան»,- հավելեց նա: