Բրյուսելում գտնվող հայ պատգամավորներին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտարարել է ԱԺ պատվիրակության կազմում Բրյուսելում գտնվող պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա Sputnik Արմենիապորտալին պատմել է, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքում, երբ և ինչպես են խորհրդարանականները վերադառնալու հայրենիք:
Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչությունների շարքէ գրանցվել։ Երկու պայթյուն է որոտացել օդանավակայանում, ևս երկուսը` մետրոյում։ Զոհերի թվաքանակի մասին տեղեկությունները տարբեր են: Բելգիական VTM հեռուստաընկերության տվյալներով, Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ:
Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն ու արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյաննեն։ Նրանք մասնակցում են Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին, որը մեկնարկել է Բրյուսելում մարտի 21-ին և կավարտվի մարտի 23-ին։
Դեռ հայտնի չէ, թե խորհրդարանի անդամներն ինչպես են վերադառնալու հայրենիք։
«Մենք պետք է Երևան վերադառնայինք մարտի 24-ին, սակայն դեռ պարզ չէ` ինչպես և երբ կկարողանանք վերադառնալ։ Այժմ մենք պատվիրակության անդամներով գնում ենք Բրյուսելի խորհրդարան։ Արտակ Զաքարյանն ու մի քանի քարտուղարներ արդեն այնտեղ են։ Քաղաքում խուճապ է, ամենուրեք անվտանգության մարմինների ավտոմեքենաներ են։ Երկնքում ուղղաթիռներ են պտտվում։ Հատուկ ծառայությունները փորձում են անվտանգություն ապահովել», - ասաց Պողոսյանը: Նա նաև ավելացրեց, որ մի քանի ժամ անց պարզ կլինի, թե իրենք երբ կվերադառնան հայրենիք։