Գերմանական Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեծ ռեզոնանս է առաջացրել համաշխարհային մամուլում: Թեման մեկնաբանում են առաջատար լրատվամիջոցներն ու համաշխարհային մաշտաբի քաղաքական գործիչները:
Թուրքիայից ու Ադրբեջանից բացի գրեթե բոլոր երկրներն այս կամ այն կերպ հավանության են արժանացրել Բունդեսթագի որոշումը, իսկ որոշները հանդուգն ենթադրություն են արել, որ Բեռլինի որոշումը կարող է անգամ օրինակ ծառայել ԵՄ մյուս երկրների համար:
Գերմանիայի խորհրդարանն այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Բանաձևն առաջ էր քաշվել իշխող մեծամասնության ու Կանաչների կողմից:
ՆԱՏՕ-ն ու Գերմանիայի առաջին դեմքերը Բունդեսթագի որոշումը դիտարկում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, որոնք ցյուրիխյան արձանագրություններից տապալումից հետո գտնվում են խորը փակուղում: Անգելա Մերկելը, մեկնաբանելով Բունդեսթագի որոշումը հայտարարել է, որ Գերմանիայի ու Թուրքիայի միջև շատ ընդհանրություններ կան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգիհետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մերկելը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը կցանկանար նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացին, փոխանցում է ТАСС-ը:
Ստոլտենբերն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կապ չունի այս որոշման հետ, սակայն հույս ունի կարգավորված տեսնել Թուրքիայի ու ՀՀ միջև հարաբերությունները: Նա ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերվում ՆԱՏՕ-ին, փոխանցում է Reuters-ը:
Թուրքիայի առաջին դեմքերը հայտարարել են, որ Բունդեսթագի որոշումը լրջագույն կերպով կանդրադառնա Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունների վրա: Այդ մասին նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա նշել է, որ իրենց առաջին քայլը կլինի դեսպանին հետ կանչելը:
Թեման մեկնաբանել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով Գեմանիայի Բունդեսթագի որոշումը այդ երկրի ներքին գործն է: «Այս կամ այն հարցի շուրջ հայտարարություններ ընդունելը Գերմանիայի ներքին գործն է: Կարելի է ասել, որ այսօր Ռուսաստանի դիրքորոշմանը միացավ նաև Գերմանիան: Գերմանիայից Թուրքիայի դեսպանին հետ կանչելը Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ օրակարգի հարց է», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: