VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ»թերթը գրում է. «Նոր օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային քվեարկությունը նոր «թեւերի» է բաժանել ՀՀԿ-ին: Խոսքն «արեւմտամետների եւ ռուսամետների» թեւերի մասին է: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանին հանդիպող (իհարկե, Սերժ Սարգսյանի թույլտվությամբ) Գագիկ Մինասյան – Սամվել Նիկոյան զույգն անվերջ գովաբանում է արեւմտյան փողերով գնվելիք էլեկտրոնային սարքերի եւ քվեարկության հմայքները, իսկ, ահա, ՀՀԿ պահպանողական, «քյարթ» թեւն ընդդիմանում է: Բանն այն է, որ էլեկտրոնային քվեարկության սարքերի նկատմամբ «դոստուպ» կունենա, բանալի-«կոդին» կտիրապետի ոչ միայն հայկական կողմը, այլեւ միջազգային կազմակերպությունները, ինչն ամենեւին չի բխում ՀՀԿ «սրտից» եւ շահերից, պնդում են վերջիններս: Ու քանի դեռ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ չի ասել իր «տղամարդկային-որոշիչ» խոսքը, կողմերն ու թեւերը վիճում են խիստ «անխնա»:
«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Ներիշխանական խոհանոցում թեժ է: «ՀԺ»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։ Նույն աղբյուրները հայտում են, որ Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն և մասնավոր քննարկումների ժամանակ ասել է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում։ Մեզ հայտնի դարձավ, որ հիմա էլ քննարկվում է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Վերջինս, ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում և հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի քանի սկանդալային պատմությունների մեջ ընկնել։ Իսկ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ամենայն հավանականությամբ, դեսպան կնշանակվի Հունաստանում։ Այս պահին կարծես թե միանշանակ է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ ՎՊ-ն, սակայն, կկոչվի Հաշվեքննիչ պալատ և կունենա բոլորովին այլ ֆունկցիաներ»:
«Ժողովուրդ»օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկ տեղի ունեցած նիստը ուշագրավ է եղել այն տեսանկյունից, որ դրան առաջին անգամ որպես ՀՀ ՊԵԿ նախագահ մասնակցել է Հովհաննես Հովսեփյանը: ՀՀ կառավարության նիստերում արդեն ձեւավորված ավանդույթ է դարձել, որ նոր նշանակված պաշտոնյաներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շնորհավորում է: Օրինակ՝ երեկ վարչապետը հատուկ շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի նոր ղեկավար Նաիրի Հարությունյանին՝ իր նշանակվելու կապակցությամբ: Սակայն ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակվելու փաստին Աբրահամյանը նշանակություն չի տվել եւ նրան չի շնորհավորել: Այս փաստը լրագրողների ուշադրությունից չի վրիպել: Իսկ թե վարչապետի կողմից Հովհաննես Հովսեփյանն ինչու է նման «հատուկ» վերաբերմունքի արժանացել, կարծում ենք՝ առաջիկայում պարզ կդառնա: Ի դեպ, կառավարության վերջին երեք նիստերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում: Նրա փոխարեն նիստերին ներկա է լինում տեղակալը` Վարդան Եղիազարյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Վլադիմիր Գասպարյանի չմասնակցելու պատճառների մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Որպես կանոն՝ ՀՀ ոստիկանապետը մասնակցում է, իսկ եթե ծառայողական անհրաժեշտությունից ելնելով չի կարող մասնակցել, նախապես իրազեկում է ՀՀ կառավարությանը»»:
«Հրապարակ»օրաթերթը գրում է. «Քանդման երկրորդ «պտույտի» գնացող ԲՀԿ-ն փորձում է հավաքել առաջին «պտույտի» ժամանակ «քամուց քշվածներին»: Ժամանակին ԲՀԿ-ից իր հեռանալու մասին հայտարարած, այժմ «դարձ ի շրջանս յուր» գործած Վարդան Բոստանջյանինկհաջորդի Արամ Սաֆարյանի«մուտքը», եթե վերջինս համաձայնի, որովհետեւ նախկին ԲՀԿ-ականին շատ «փիս» նեղացրել են ծառուկյանական օրերին: Սակայն ամենաէկզոտիկը Վարդան Օսկանյանի վերադարձի մասին խոսակցություններն են: Ինչպես տեղեկացրեց մեր ԲՀԿ-ական զրուցակիցը, այդ մտայնությունը կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մոտ միշտ է եղել` հաշվի առնելով Օսկանյանի կապերը: «Սակայն շատերիս համար դա նոնսենս էր, որովհետեւ նախ Օսկանյանն ինքը նպաստեց, որ ԲՀԿ-ն քանդվի, ապա` նա միայն դրսի համար է Օսկանյան։ Երբ Ծառուկյանի պնդմամբ գլխավորեց Երեւանի քաղաքապետի համամասնական ցուցակը, մենք տեսանք, թե Օսկանյանը որքան պատրաստ չէ նման պայքարի, եւ եթե նա չլիներ, ԲՀԿ-ն շատ ավելի մեծ ձայներ կհավաքեր այդ ընտրություններում»»:
«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Նվիրատվության ինստիտուտն Հայաստանում անհամեմատ զարգացած է, քան փոխառություններ տալու ավանդույթը։ Այդպես, ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ըստ իր հայտարարագրի, 2011 թ., դեռեւս Զինվորական դատախազ եղած շրջանում, 35 միլիոն դրամ նվիրատվություն են կատարել։ Նրա տիկինը եւս 100 000 դոլար նվիրատվություն է ստացել։ Նվերներ սիրում են նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը եւ նրա տիկինը՝ Գայանե Սողոմոնյանը, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ղեկավարն է։ Նա 15 000 դոլար նվիրատվություն է ստացել։ Իշխան Զաքարյանին նվիրել են մի ապարանք։ Երբ համացանցով փնտրում էի պաշտոնյաների եւ նրանց նյութապաշտ կանանց նվիրատվությունների մասին տեղեկություններ, զարմացա։ Փորձեք ինքներդ, գրեք քիչ թե շատ հայտնի որեւէ պաշտոնյայի, դատավորի կամ նրա տիկնոջ անունը եւ հարեւանությամբ նշեք «նվիրատվություն» կախարդական բառը, անմիջապես հառնում է սոսկալի մի պատկեր՝ տասնյակ հազարավոր դոլարի նվիրատվությունները՝ պաշտոնյաներին ու նրանց կանանց։ Սա, եթե կուզեք, գանձագողության, հետեւաբար՝ պետական դավաճանության հոդված է։ Պետության ողջ վերնախավը կոռումպացված է: Այսինքն՝ սրանք մարդիկ են, որոնք փողի համար ընդունակ են խախտել Սահմանադրությունը, օրենքները, կաշառքը ներկայացնել իբրեւ «նվիրատվություն»։ Ճաշի սեղանների շուրջ նամուսի ու պատվի գերի այս տղամարդիկ անգամ սեփական կանանց են օգտագործում իրենց կոռումպացվածությունը օրինականացնելու համար, նրանց անունով նվիրատվություններ ձեւակերպում»: