Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Մամուլի տեսություն. Ամերիկացիները ցանկացել են համոզել Սերժ Սարգսյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ»օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանըհույս ունի, որ ապագայում ստեղծվելիք ընդդիմադիր դաշինքին կմիանան նաեւ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը։ Համատեղ ավելի հեշտ կլինի վերահսկել 2017-ի ընտրությունները։ Դա շահավետ կլինի նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համար, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն: Իսկ եթե պարզվի, որ Օսկանյանի կուսակցությունը ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը, կամ հենց նա գլխավորի համամասնական ցուցակը, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Այս ընտրություններում մեր հիմնական թիրախը պետք է ռեժիմը լինի, միայն ու միայն, այդ դեպքում արդեն մենք կօգտագործենք Ռոբերտ Քոչարյանին` ռեժիմը տապալելու համար։ Ես որեւէ արատավոր բան դրանում չեմ տեսնում»: Օսկանյանի կուսակցության ստեղծումը շահավետ է նաեւ ԲՀԿ-ն կուրացիա անող Հովիկ Աբրահամյանի համար` ԲՀԿ-ն այնտեղ մտցնելու սպառնալիքի տակ իր «ուզածն» առաջ տանելու մասով»:

«Ժողովուրդ»օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն ընդհանուր ունի 62 ծառայողական ավտոմեքենա: Դրանցից 44-ը քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, այսինքն՝ համայնքի միջոցների հաշվին ձեռքբերված ավտոմեքենաներ են: Մնացած 18 ավտոմեքենաները Երեւանի քաղաքապետարանն օգտագործում է վարձակալական հիմունքներով: Այս տվյալները «Ժողովուրդ»-ը ստացավ Երեւանի քաղաքապետարանից: Նկատենք, որ ծառայողական ավտոմեքենաների վրա ծախսվող մոտ 300 մլն դրամով Երեւանի քաղաքապետարանը կարող էր բազում խնդիրներ լուծել: Բայց այդպես չեն վարվում, որովհետեւ մարդիկ կարծում են, որ եթե իրենց երեւանցիները հանդուրժում են` որպես Երեւանի քաղաքապետի կամ փոխքաղաքապետի, ապա պարտավոր են ֆինանսավորել նաեւ իրենց ցոփ ու շվայտ կյանքը: Բայց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա ենթակաները, եթե չունեն իրենց անձնական ավտոմեքենան, ապա կարող են հասարակական տրանսպորտով երթեւեկել: Այդ դեպքում երեւանցիների հոգսերին անձամբ ծանոթ կլինեն»:

«Հայկական ժամանակ»օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։ Դեռ անցյալ շաբաթ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կուսակցության շուրջ վերջին շրջանի աղմուկի մասին, ասել էր, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է ակնարկելով Աբրահամ Մանուկյանին։ «Վիրահատական միջամտություններով կուսակցության ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին»,-ասել էր Զոհրաբյանը։ Երեկ Մանուկյանից այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Իսկ Նաիրա Զոհրաբյանը, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ Մանուկյանը հեռացվելու է ԲՀԿ-ից, պատասխանեց. «Նման հարց ԲՀԿ-ում չի քննարկվել, բայց ես հստակ ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այլ քաղաքական ծրագրեր, այլ քաղաքական օրակարգ, տեղ չունեն և չեն կարոդ տեղ ունենալ մեր կուսակցության շարքերում։ Կոնկրետ Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ այս պահին դեռ նման հարց չի քննարկվել, և ես նաև ասեմ, որ մենք ունենք աշխատակարգ բոլոր հարցերը քննարկել թիմով և բոլոր որոշումները կայացնել թիմով»»:

«Հայոց աշխարհ»օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանըհրաշալի հասկանում է, որ եթե չհիմնի որեւէ կուսակցություն, ապա 2017-2018թթ. «մրցաշրջանը» ավարտված է իր համար։ Բայց եթե հիմնելով՝ անմիջապես ու գլխապատառ նետվի քաղաքական պայքարի ասպարեզ, ապա ակնհայտորեն կգերագնահատի սեփական ուժերն ու հնարավորությունները։ Իսկ դրանք գտնվում են ոչ թե քաղաքական, այլ «նախագահական» կամ ավելի ճիշտ՝ «թագավորական» դաշտում։ 2008-ին այս հանգամանքը հրաշալի հաշվարկեց Լ.Տեր-Պետրոսյանըեւ իր չնչին էլեկտորատով տակն ու վրա արեց ողջ ընտրապայքարը։ Որովհետեւ Տեր-Պետրոսյանը գիտեր թե ի՛նչ ազդեցություն են գործում թագավորի վերադարձի մասին արքետիպային պատկերացումները մեր արեւելյան-ավանդապահ հասարակության վրա։ Եվ նա փաստորեն ոչնչից դարձավ երկրորդն ու դեռ երկար տարիներ փորձում էր ամենքին համոզել, թե առաջինը ինքն է որ կա։ Ռոբերտ Քոչարյանը սեփական քայլերը հաշվարկելու ունակությամբ չի զիջում իր նախորդին։ Ուստի իրեն ե՛ւ առաջարկում է (Վարդան Օսկանյանի տեսքով), ե՛ւ չի առաջարկում։ Վարդան Օսկանյանի կերպարով քաղաքական ասպարեզ մտնելու փորձեր անող Ռոբերտ Քոչարյանը հասկանալի պատճառներով չի կարող հավակնել նաեւ ընդդիմության առաջնորդ դառնալու տարբերակին։ Ուրեմն՝ ի՞նչ է մնում նրան։ Ձեւավորել «լավ օրերի» մասին կարոտաբաղձ հիշողություններով ապրող նախկինների մի նոր ճամբար, որը, սակայն, չունենալով հրապարակային քաղաքականության տերպետրոսյանական փորձն ու հմտությունները, ոչ թե կարող է իր շուրջը ստեղծել ընդդիմադիր բեւեռ, այլ սոսկ դառնալ դրա ոչ էական բաղադրիչներից մե՞կը։ Իզուր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս ուրիշի կերպարանքով։ Նման աննշան հեռանկարի առկայության պայմաններում այլ բան նրան չի մնում»։

«Ժողովուրդ»օրաթերթը գրում է. « «Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս զեկուցագիրը, որ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին, վերաբերում է 2007թ. խորհրդարանական ընտրությունների շրջափուլին։ Հեղինակը անդրադարձ է կատարում Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ կայացած սկանդալային զրույցի գաղտնալսման թեմային։ Ամերիկյան դիվանագիտական շրջանակներն ակնհայտորեն խիստ զայրացած են եղել գաղտնալսման փաստից։ Այդ պատճառով էլ շարունակաբար փորձում էին Սերժ Սարգսյանի կողմից դատապարտող հայտարարություն կորզել գաղտնալսման կապակցությամբ, ինչից Սարգսյանը հաջողությամբ խուսանավել է։ Զեկուցագրի հեղինակը տեղեկացնում է, որ իշխանամետ հակում ունեցող ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակած գաղտնի ձայնագրության սղագրությունն իրական է։ Գոդֆրին զրուցել է նաեւ Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի հանդիպմանը մասնակցած Տիգրան Մկրտչյանիհետ՝ պարզելու համար դեպքի մանրամասները։ Ամերիկյան կողմի համար պարզ է դարձել, որ այդպիսի զրույց իրականում տեղի է ունեցել, իսկ գաղտնալսումն էլ իրականացվել է ՀՀ հատուկ ծառայությունների կողմից։ Ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ իրենք դիմել են Սերժ Սարգսյանին՝ նրան տեղեկացնելով իրենց լուրջ դժգոհության մասին։ Արտահերթ հանդիպում խնդրելով՝ ամերիկացիները ցանկացել են Սարգսյանին համոզել, որ որպես ՀՀԿ նախագահ եւ ՀՀ վարչապետ հանդես գա համապատասխան հայտարարությամբ՝ դատապարտելով գաղտնի ձայնագրությունը կամ ցանկացած այլ արարք, որ հատուկ ծառայությունները թույլ կտան այդ տրամաբանության մեջ, ինչն անհարիր է նորմալ ընտրական գործընթացին։ Սակայն դիվանագետը հարկ է համարում շեշտելու, որ Սերժ Սարգսյանը խուսափել է նման հայտարարություն տարածելուց՝ նախընտրելով անորոշ արդարացումներն ու պնդումները։ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը չգիտի, թե ինչքանով են հիմնավոր հնչած մեղադրանքները, եւ հատկապես իր համար անհասկանալի է, թե ինչից ելնելով են արվում այն պնդումները, թե այդ ամենը կազմակերպված է եղել հատուկ ծառայությունների կողմից։ Եվ ապա Սարգսյանը հավելել է, որ ինքը կամենում է ԱՄՆ դիվանագետի հետ զրուցել՝ որոշ ժամանակ առաջ ծրագրված ժամանակացույցին համապատասխան՝ հրաժարվելով շտապ հանդիպումից։ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, որ Արթուր Բաղդասարյանն իրեն ավելի մեծ սխալ է թույլ տվել, քան ամերիկացիները կարող են անգամ պատկերացնել։ Ամերիկացի դիվանագետը վերահաստատել է իր բացասական վերաբերմունքը խնդրի առարկա գաղտնալսման հանդեպ՝ հետագա քննարկումներին դեմ չլինելով հանդերձ»:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles