Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Կեղծում ենք, բայց որակը լավն է. Ալեքսանյանն իր արտադրած օղիների մասին

$
0
0
Սամվել Ալեքսանյան    Ֆոտո՝ emedia.am

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանն ընդունում է, որ իրեն պատականող «Ա և Գ» ՍՊԸ-ն կեղծում է ուկրաինական արտադրության օղիները, սակայն վստահ է դրանց բարձր որակի վրա: «Էդ որ ասում եք կեղծում եք, դրան բան չեմ ասում: Բայց որ որակին եք կպնում, ճիշտ չեք անում», - «Հետք»օնլայն պարբերականի հետ զրույցում ասել է պատգամավորը:

Օրեր առաջ պարբերականը գրել էր, որ Սամվել Ալեքսանյանի կեղծած օղիների եթերային յուղերը մի քանի անգամ գերազանցում են օրիգինալին: Հրապարակումից հետո պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զանգել է հրապարակման համահեղինակ, «Հետքի» լրագրողին և հրավիրել սպիրտի արտադրման գործարան՝ համոզվելու, որ իր արտադրանքը որակապես մրցունակ է:

Ալեքսանյանի ուղեկցությամբ նա այցելել էր Նորագավիթում գտնվող սպիրտի արտադրության գործարան: Պատգամավորն ասել էր, որ ինքը պատրաստ է «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրության կեղծված օղիներն անձամբ խմել, որ մարդիկ չկասկածեն դրանց որակական հատկանիշների վրա: Ալեքսանյանը նշեց, որ սպիրտի ֆիլտրման տեխնոլոգիաները անցյալ տարի են թարմացրել՝ ռուսականը փոխարինելով իտալականի: Սպիրտը ֆիլտրվում է 6 աշտարակներում, որոնցից հետո գործարանի ներսում անցնում է լաբորատոր փորձաքննություն:

«Լաբորատորիայում ռեժիմը դրած ա, ամեն ժամը մեկ, երկու ժամը մեկ նմուշ ա բերվում, ստուգվում ա: Եթե ռեժիմից ընկավ, ինքն ավտոմատ ազդանշան ա տալու, չի կարող վատ սպիրտ արտադրվել: Էդ որ ասում եք կեղծում եք, դրան բան չեմ ասում: Բայց որ որակին եք կպնում, ճիշտ չեք անում: Ինչի՞ պիտի ես վատ որակի սպիրտ արտադրեմ, եթե նորագույն տեխնոլոգիաներով եմ աշխատում»,-ասում է Սամվել Ալեքսանյանը:

Պնդմանը, որ օրիգինալ ապրանքատեսակի համեմատությամբ՝ կեղծված օղիների մեջ եթերային յուղերի ավել լինելը ապացուցված է փորձաքննությամբ և փորձագիտական կարծիքով, Սամվել Ալեքսանյանը հակադարձեց. «Ուկրաինացին հո չի՞ ասելու, որ մեր օղին լավն է»:

Հիշեցնենք, որ «Խլեբնիյ Դար» և «Մեդոֆ» տեսակի օղիների փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ հայկական արտադրության օղին որակապես զիջում է ուկրաինականին, սակայն առողջությանը վտանգ չի ներկայացնում:

Սամվել Ալեքսանյանը նշեց, որ «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրած սպիրտը ոչ միայն մատակարարում է տեղական շուկան, այլև մեծ քանակությամբ արտահանվում է Վրաստան:

Հարցին, թե որակյալ սպիրտ ունենալու դեպքում, ինչո՞ւ է գործարարը կեղծում այլ բրենդների արտադրանքը, այլ ոչ թե ստեղծում սեփականը, Ալեքսանյանը պատասխանեց. «Չինաստան եթե գնաս, ասես «Ռոլս Ռոյս» մեքենայի նմանակը սարքեք, տվեք ինձ, կսարքեն կտան: Էդ ամբողջ երկիրը նմանակ սարքելով է տնտեսություն պահում: Ես էլ հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր եմ ստեղծում, որ փակեմ, էդքան մարդն աշխատանք չունենա, էդպես ա լավ, թե՞ սենց»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:

Հարցին, թե ինչպես է կարողանում գործարար-պատգամավորը շրջանցել բոլոր օրենքները և շարունակել կեղծված օղիների արտադրությունը, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Բիզնեսն իր օրենքներն ունի: Ես աշխատում եմ, առավոտից իրիկուն աշխատում եմ, ուրիշները սիրում են սրճարան գնալ, կազինո գնալ, ես էլ սիրում եմ քանդած շենք առնել, սարքել, աշխատատեղ բացել, արտադրանք տալ, վատ բան եմ անո՞ւմ»,-ասաց Ալեքսանյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles