Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ Աստանայում բանակցությունները ցույց են տալիս`հակամարտության բոլոր կողմերը ճանաչել են սիրիական կառավարության լեգիտիմությունը, փոխանցում է Tehran Times–ը։
Ըստ նրա, անտրամաբանական էր կարծել, թե բոլոր հակասություններն Աստանայում կհարթվեին, սակայն այդ հանդիպումը կարևոր էր հրադադարի ռեժիմի պահպանման առումով։
Վելայեթին նշել է, որ ԻՊ–ը կորցնում է Իրաքում իր վերջին հենակետ Մոսուլը, իսկ Սիրիայում կորցրել է Հալեպը։ Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովըհրապարակել է համատեղ հայտարարությունն, ըստ որի հատուկ մարմինը «կհետևի և կապահովի հրադադարի լիակատար պահպանումը, կկանխի սադրանքները և կորոշի հրադադարի ռեժիմի ձևը»:
Սիրիական ընդդիմությունն իր հերթին հույս է հայտնել, որ մարտական գործողությունները կկասեցվեն հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Ալլուշը:
«Հուսով ենք և ցանկանում ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս դրական դերակատարություն ունենա խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև արդար քաղաքական կարգավորման գործընթացում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերակատարությունը, որը մարտական գործողություններում մասնակցությունից անցնում է երաշխավորի դերին և ազդեցություն ունի Իրանի և Սիրիայի վրա»,-ասել է նա: