Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Սարգսյան

$
0
0

"Անկախության առաջին իսկ օրից մենք պայքարում ենք հանուն անվտանգության և խաղաղության: Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անընդմեջ բարձրացվող պահանջը 1990-ականներին վերափոխվեց հետխորհրդային ամենաարյունալի պատերազմի: Միջազգային և ներպետական օրենսդրությամբ իրենց սահմանադրական իրավունքը իրացնելու փորձ կատարած ժողովրդին հակադրեցին զենք, բռնի ուժ, էթնիկ զտումներ", - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում:

Նախագահը նաև նշել է. "1994-ի զինադադարից անցել է 22 տարի, սակայն այսօր էլ Հայաստանի պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում ապրող բնակիչներն գտնվում են ամենօրյա կրակի սպառնալիքի ներքո: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռեժիմն օգտագործում է այդ հակամարտությունը սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար: Կարծում եմ`միջազգային հարաբերությունների տեսությունից ձեզ ծանոթ է այս վարքագիծը: Սա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել սահմանային լարվածությունը և հանդգնորեն պարծենում դրանով, հրապարակավ մեղադրում են միջնորդներին անգործության մեջ և սեփական ժողովրդի մոտ հերոսանում դրանով, շփման գծում անվտանգության միջոցառումներն ամրապնդելու՝ Մինսկի խմբի առաջարկն անվանում են տարօրինակ և զարմանում դրանից:

Ղարաբաղի համատեքստում շատ է շահարկվում «օկուպացիա» բառը: Պատմական էքսկուրս չեմ ուզում կատարել, պարզապես մի փոքր դիտարկում անեմ: «Օկուպացիա» բառն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել: Բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921թ.-ին Ստալինի թեթև ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ` օկուպացիա: Ավելին, այդ շռայլ նվերը ստանալուց հետո Ադրբեջանը, փոխանակ բնականոն պայմաններ ստեղծեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, կիրառեր փափուկ ուժին բնորոշ գործիքներ, այնպիսի անտանելի պայմաններ ստեղծեց, որ խորհրդային կենտրոնաձիգ իշխանության թուլացման առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես առաջինն ընդվզեց հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Արդյո՞ք լավ կյանքից էր: Ի դեպ, պատահական չէ, որ 1988 թվականի ընդվզումն այնքան ուժգին էր, որ ԽՍՀՄ փլուզման սկիզբը ընդունված է ասոցացնել հենց Ղարաբաղյան շարժման հետ: Հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան է, հետևաբար Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որևէ կապ չունի:

Հայերը իրենց մաշկի վրա էին զգում Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի իսպառ հայաթափման քաղաքականության ազդեցությունը: Չէ՞ որ արդեն կար մեկ այլ հայաբնակ շրջանի` Նախիջևանի հայաթափման դառը փորձը: Բավական չէ, որ այս շրջանը հայաթափվեց, 2005 թվականին էլ մի ամբողջ մշակութային ժառանգություն` Ջուղայի խաչքարերը բարբարոսաբար ոչնչացվեցին: Այսօր միջնադարյան այդ հոյակերտ հարստությունից ոչ մի հատիկ, ոչ մի փշուր չի մնացել: Մաքրվել է շրջանը հայերից և հայկական մշակութային հետքից:

Այսօր բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում են դիտարկում Լեռնային Ղարաբաղը, անուղղակիորեն հավանություն են տալիս «բաժանելու և տիրելու» ստալինյան դաժան, միլիոնավոր ընտանիքների զրկանքներ ու դժբախտություն պատճառած քաղաքականությանը: Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է: Այնպիսի զավեշտի է ամեն ինչ հասել, որ թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիների: Անկախ նրանից, թե հայերը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ են, նրանց մուտքը Ադրբեջան արգելվում է: Սրանով հանդերձ՝ խոստանում են ապահովել հայերի անվտանգությունը, եթե Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ: Ի՞նչի հիման վրա Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա այս դրույթին":


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles