VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ»օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ում լուրջ կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են սպասվում: «Սասնա ծռերի» զինաթափման օպերացիայի արդյունքում ԱԱԾ երիտասարդ պետ Գեորգի Կուտոյանինհաջողվել է համոզել Սերժ Սարգսյանինեւ ազատվել իր տեղակալից` ԱԱԾ երկարամյա աշխատակից Հրանտ Եպիսկոպոսյանից: Ասում են` վերջին դեպքերի արդյունքում ակնհայտ է դարձել, որ հին «ԿԳԲ-շնիկների» թիմը՝ ԱԱԾ գրեթե ողջ աշխատակազմը, բոյկոտում է աշխատանքը եւ երիտասարդ ղեկավարին բանի տեղ չի դնում: Եվ, ահա, «Սասնա ծռերի» հետ կապված սխալներն ու թերացումները, զինաթափման ուշացումը մասամբ պայմանավորված են եղել այդ սաբոտաժով։ Գեորգի Կուտոյանն էլ հարց է բարձրացրել` ազատվել հներից եւ ուժեղ ձեռքի քաղաքականություն վարել ԱԱԾ-ում։ Նա նախագահին ասել է, որ նորմալ աշխատելու համար իրեն անհրաժեշտ է վստահելի կադրեր ունենալ, ազատվել Գորիկ Գուրգենիչիթիմից»:
«Ժողովուրդ»օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանըմեկնել է երկրից` արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար: Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի նա, որի պատճառով ոչ միայն հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, այլեւ անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գեւորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ»:
«Հրապարակ»օրաթերթը գրում է. ««Սասնա ծռերի» դեպքերի հետեւանքով պատասխանատվության ենթակա անձանց ցուցակը հրապարակելուց հետո ոստիկանությունում լուրջ դժգոհություն է հասունացել Վլադիմիր Գասպարյանինկատմամբ: Բանն այն է, որ պատժվել են նաեւ ոստիկաններ, այդ թվում՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որոնք հավատարմորեն ծառայել են համակարգին, արժանանալով հասարակության հայհոյանքին ու անեծքին: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը նկատեց. «Չէր կարող այդքան մարդ վատ աշխատել, ինքը եւ իր անմիջական տեղակալները` լավ, առաջին հերթին հենց իրենց պետք է նկատողություն տալ»: Լավատեղյակներն ասում են, որ ոստիկանապետին Բաղրամյան 26-ում «կարմիր քարտ» են ցույց տվել: Իսկ պաշտոնանկ չեն անում, քանի որ այս իրավիճակում համակարգը ցնցումների չեն ուզում ենթարկել, առջեւում ընտրություններ են, Գասպարյանը դեռ պետք է»:
«Ժողովուրդ»օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները գտել են այն ձեւը, թե ինչպես պետք է հրաժարվեն ընտրական ցուցակների կազմման նոր համակարգը ներդնելուց: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն կատարեց, որով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին: Ըստ այդմ, նույնականացման քարտ ստանալիս պետք է վերցվեն քաղաքացիների տասը մատների մատնահետքերը: ԸՕ համապատասխան փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 1-ից հետո: Բայց մինչ այդ համապատասխան համակարգն արդեն ձեռքբերված եւ ներդրված պետք է լինի: Սա կարեւոր է այն իմաստով, որ Հայաստանի ընտրողների ցուցակները փաստացի «կմաքրվեն», քանի որ դրանում ներառված կլինեն միայն երկրում գտնվող ընտրողների տվյալները: Սկզբում կասկածներ կային, որ այս նպատակի համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հնարավոր չի լինի հայթայթել, քանի որ ՀՀ կառավարությունը հայտարարել էր, թե դրանից միայն 3 մլն եվրոն է հնարավոր պետբյուջեից հատկացնել: Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, խոստացել են հատկացնել անհրաժեշտ գումարը: Մնում է արդեն իշխանության ցանկությունը: Սակայն այժմ էլ ՀՀ կառավարությունը կարծես այլ պատճառ է գտել, որպեսզի նոր համակարգը չներդնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքեր արտադրող ընկերությունները հրաժարվում են 1-2 ամսում խնդիրը լուծելու տարբերակից: Ու եթե նույնականացման քարտի տրամադրման համար անհրաժեշտ մատնահետքերի թիվը, որ պետք է, ըստ նոր կարգի, վերցվի բոլոր 10 մատներից, չնվազեցվի` թողնելով գործող` 2 մատներից վերցվելիք տարբերակը, ապա ՀՀ կառավարությունը հնարավորություն կունենա «օբյեկտիվ» պատճառներով հրաժարվել նոր համակարգը ներդնելուց: Չէ՞ որ հենց մասնագետներն իրենք են ասում, որ 10 մատներից մատնահետք վերցնելու պայմաններում 1-2 ամսում չեն կարողանա համակարգ ներդնել: Ահա, այսպես կկանգնենք հին, մահացածներով հարուստ ընտրացուցակների փաստի առջեւ»:
«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Հուլիսյան իրադարձությունների հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված բազմաթիվ անձանցից երեկվա դրությամբ շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ 9 տուժած։ Կայուն կամ ծայրահեղ ծանր էր գնահատվում նրանցից երկուսի վիճակը։ Այս տեղեկությունը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։ Այստեղից նաև ասացին, որ նրանցից մեկը ոստիկան է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիգի անհրաժեշտություն էր զգացվում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Հիշեցնենք, որ ոստիկանը Գագիկ Մկրտչյաննէ, «Սասնա ծռերի» անդամը՝ Անդրակ Նազարյանը։ Երկուսն էլ ստացել էին հրազենային վիրավորում»: