Միացյալների Նահանգների կառավարությունը թեթևացած է, որ Էրեբունու ոստիկանական պարեկապահակային ծառայության շենքի գրավումից հետո ստեղծված իրադրությունը հուլիսի 31-ին հանգուցալուծվեց։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում:
«Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է»,- այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:
Հատկանշական է, որ հուլիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել. «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով:
Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում»: