Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ:
Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել են երկու տասնյակից ավել մարդիկ, վիրավորների թիվը անցնում է 130-ից:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում»: