Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ Բաքուն ամբողջությամբ դադարեցրել է Եվրախորհրդարանի հետ կապերն այդ կառույցի՝ Ադրբեջանի վերաբերյալ իբր վիրավորական ու չհիմնավորված բանաձեւերի պատճառով:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղումով Ալիեւի պաշտոնական կայքին, նման հայտարարություն նա արել է Բաքվում՝ ընդունելով Երվախորհրդարանի պատվիրակությանը՝ «Արեւելյան գործընկերություն» ծրագրում Ադրբեջանի հարցով զեկուցող Նորիկա Նիկոլայիի գլխավորությամբ:
«Ներկա պահին մեր երկիրը ոչ մի կապ չունի Եվրախորհրդարանի հետ եւ դա տեղի է ունեցել ոչ Ադրբեջանի մեղքով: Մեր երկիրն ընդամենը պաշտպանել է իր արդար դիրքորոշումը»,- մասնավորապես՝ ասել է Ալիեւը:
Նշենք, որ Իլհամ Ալիեւի նման հայտարարությունների պատճառը 2015 թվականի սեպտեմբերին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւն է, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները: Սրան ի պատասխան՝ Բաքուն դադարեցրել էր իր մասնակցությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: