Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Հնարավո՞ր է «Էլեկտրիկ Երևանը» կրկնվի. Ակտիվիստ-առաջնորդները դժգոհ են ՀԾԿՀ-ից

$
0
0

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա օրերին կհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի 2-2.5 դրամով իջեցման մասին: Արդյո՞ք սա այն արդյունքն է, որի համար ուղիղ մեկ տարի առաջ Բաղրամյան պողոտայում ծավալվեց «Էլեկտրիկ Երևանը» . VERELQ-ը հետաքրքրվեց Հայաստանի պատմության մեջ փողոցային պայքարի ամենավառ օրինակներից մեկի առաջնորդների՝ Մաքսիմ Սարգսյանի և Վաղինակ Շուշանյանի հետ:

«Այս թիվը ուղղակի ծիծաղելի է, որովհետև երբ հերթը հասնում է սակագնի թանկացմանը, ապա հայտ են ներկայացնում 14 դրամի, 7-9 դրամի թանկացման համար, այսինքն՝ եթե իրենց դա ձեռնտու է, ապա խնդիր չկա: Իսկ հիմա, երբ հերթը հասել է իջեցնելուն, նուրբ հոգեբանական գործոնով են փորձում առաջնորդվել, թե ՀԷՑ-ի սեփակիանատեր Սամվել Կարապետյանը էժանացնում է, բայց իրականում ամենևին էլ նպատակը էժանացնելը չի, որովհետև եթե իրոք նպատակ ունենան էլեկտրաէներգիայի սակագին էժանացնել, ապա դրա տեղը իրենք բավականաչափ ունեն»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Ակտիվիստի խոսքով, վերջին մի քանի տարիների թանկացումներն անհիմն են եղել, բացարձակ անհիմն և ըստ փորձագետների՝ ընդհուպ մինչև 30 դրամ հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում ակնկալել. Սա, ըստ Սարգսյանի, անցած տարի ապացուցվել է մասնագետների հաշվարկներով: Ուստիև, շարունակեց նա, խոսել այն մասին, որ այս իջեցումը իրեն կամ հանրությանը կարող է գոհացնել, անիմաստ է :

Հիշեցնենք, 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ազգաբնակչության համար կազմում է 48,78 դրամ, գիշերայինը՝ 38,78 դրամ 1 կՎտ դիմաց:

«Սա ընդամենը խայծ է ժողովրդի համար, հերթական քայլը, որպեսզի մարդկանց որոշակի հատվածի մոտ սպանեն բողոքի ձայնը, ասել է թե՝ տեսեք, մենք քայլեր ենք անում, որպեսզի էժանացնենք, և այլն: Սա ընդամենը փորձ է ցույց տալու, որ աշխատում են ու լսում են ժողովրդի բողոքի ձայնը»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Քանի որ իջեցման այս չափը չէ, որ անցած տարի փողոց դուրս եկած հանրությունն ակնկալում էր, հետաքրքվեցինք՝ հնարավո՞ր է, որ «Էլեկտրիկ Երևանւը» կրկնվի և հնարավո՞ր է ինքը նորից լինի այդ ալիքի առաջնորդներից: Ըստ զրուցակցի՝ դա կախված է բացառապես ժողովրդից, որովհետև եթե մարդիկ չհամակերպվեն ու բողոքեն սրա դեմ, ապա ամեն ինչ էլ հնարավոր է.

«Ամեն ինչ կախված է բացառապես ժողովրդից: Հարկ եղած դեպքում, եթե մարդիկ զգան, որ ալիքը պետք է նորից բարձրացնել ու նորից մեր նախաձեռնությամբ, ես որևէ խնդիր չեմ տեսնում իմ այնտեղ լինելու մասով: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա Գառնիի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ապարդյուն պայքար չի լինում և որ եթե հստակ, ճիշտ ու խիստ սահմանված պահանջներով պայքար է լինում, ապա այն ի վերջո բերում է հաղթանակի: Էլեկտրաէներգիայի սակագինը բոլորին է վերաբերում ու փողոց պիտի դուրս գա ամբողջ ազգը՝ համայնքներում, գյուղերում, ամենևին էլ պարտադիր չէ Երևան հասնել: Եթե ամենքն իր համայնքում, գյուղում պայքարի, ապա հարցն, անշուշտ, ավելի արդյունավետ կլուծվի: Պարզապես հարկավոր է նախաձեռնել ու անել այդ քայլը, ինչը, ցավոք, չի արվում»,- հավելեց Սարգսյանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի 2-2,5 դրամով հնարավոր իջեցումը չի գոհացնում նաև Վաղինակ Շուշանյանին: Վերջինս VERELQ-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ սա հերթական միջոցն է ժողովրդին խաբելու համար, թե անցած այս մեկ տարվա ընթացքում ինչ-որ գործընթաց է արվել: Անդրադառնալով կոնկրետ այն գործոններին, որոնք ՀԾԿՀ ներկայացմամբ խանգարում են, որպեսզի սակագինը ավելին իջեցվի կամ գոնե հասնի մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ի սակագնի մակարդակին և դրանց թվում նշվող գլխավոր գործոնին՝ ատոմակայանը պետք է 120 օրով կանգնի վերանորոգման, Շուշանյանը նշեց, որ սա հակասական մեկնաբանություններ է առաջ քաշում.

«Նախ, ատոմակայանի 120 օրվա կանգի մասին խոսք չի եղել, հայտարարվում էր 90 օրվա կանգի մասին, ընդ որում ամեն տարի էլ ատոմակայանը կանգնում է պլանային վերանորոգման՝ 30 օրով: Այն ժամանակ էլ բացատրություն չտրվեց, թե ինչո՞ւ պետք է 90 օրով կանգնի կամ ի՞նչն էր 60 օրով ավելիի կանգի պատճառը, գուցե մտադրվա՞ծ էին արել, որպեսզի իրենց թալանը կարողանան շարունակել և դա քողարկեն իբրև թե ատոմակայանի խնդիրներով, ինչի համար էլ անհրաժեշտ էր ևս 60 օրյա կանգը»,- ասաց նա:

Վաղինակ Շուշանյանը նշեց, որ 2-2,5 դրամով սակագնի իջեցումը մարդկանց խաբելու միջոց է, որը չի կարող բավարարել ոչ մեկին՝ թե՛ նրանց, ովքեր դուրս էին եկել փողոց պայքարի, թե՛ նրանց, ովքեր 2,5 դրամով պակաս կվճարեն հիմա.

«Ի՞նչ գոհացման մասին է խոսքը: Հակառակը՝ պետք է աչքներս չորս անենք ու հետևենք, որ էլի մի բան չանեն, որովհետև մեր անցած տարվա պայքարի պահանջներից մեկը ոչ թե նա էր, որ սակագինն էժանացվի, այլ վերանայվի նվազեցման նպատակով ու վերադառնա նախկին մակարդակին»,- նշեց Շուշանյանը:

Իսկ ահա իր՝ փողոցային պայքարը շարունակելու հեռանկարի մասով էլ ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց սա այն խնդիրն է, որ ո՛չ իրենից, ո՛չ էլ ինչ-որ այլ անհատից է կախված, այլ ժողովրդից ու իրավիճակից, որը լավ բնութագրվում է «դանակը ոսկորին է հասել» ժողովրդական խոսքով: Եթե դրան հասնի, հավելեց Վաղինակ Շուշանյանը, ապա այդ պայքարը նորից կլինի:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles