ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ ինչքան երկար է շարունակվում հակամարտությունը Ղարաբաղում, ինչքան ինտենսիվ են զինվում կողմերը, այդքան մեծ է հակամարտության նոր սրման ռիսկը:
Ինչպես փոխանցում է РИА-ն, գերմանական ԱԳՆ-ի ղեկավարը նման հայտարարություն արել է Վիենայում, որտեղ այսօր կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը եւ որտեղ սպասվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:
«Շփման գծի երկայնքով կատաղի մարտերը, որոնք տեղի են ունեցել վեց շաբաթ առաջ, ցույց են տալիս, որ բազմամյա ստատուս քվոն կայացած չէ երկարաժամկետ կտրվածքով»,- մասնավորապե հայտնել է Շտայնամեյերը`նշելով, որ նման իրավիճակի շարունակվելու դեպքում նույնիսկ կարող է նոր պատերազմ սկսվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Շտայնմայերի խոսքով, ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում:
«Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երկար տարիներ փորձում են կոնսոլիդացիա ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման եւ քաղաքական գործընթացի վերսկսման շուրջ: Գերմանյան, որպես ԵԱՀԿ նախագահ, աջակցում է դրան»,- մասնավորապես ասել է Շտայնմայերը:
Գերմանիայի ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ հիմնական նպատակը պետք է կայանա հետևյալում. «Շփման գծում պետք է հաստատվի ու ամրապնդվի հրադադարը, համաձայնեցվեն վստահության մեխանիզմները և սկսվի բանակցային գործընթաց: Դա որոշակի ժամանակ կպահանջի, օր առաջ որոշում չի լինի»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: