Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցելուց։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, գրում է ТАСС-ը։
«Մենք դեռ հեռու ենք դրանից»,- ասել է Մոգերինին France Inter ֆրանսիական ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետների մասին հարցին։ Նա հիշեցրել է, որ դեռ չի որոշվել անգամ Շենգենյան գոտում Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հարցը։
Դրա հետ մեկտեղ Մոգերինին վստահ է, որ Բրյուսելի և Անկարայի միջև բանակցություններն «օգտակար են, նախևառաջ՝ հենց Թուրքիայի համար»։
«Ես վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները միակ հնարավորությունն են օգնելու այդ երկրին պետությունն արդիականացնելու, հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների ազատությունը և խոսքի ազատությունը պահպանելու հարցում»,- հայտարարել է նա: