«Սառեցված հակամարտություն» եզրույթը, որը հաճախ է օգտագործվում Եվրոպայում հակամարտությունների բնութագրման համար, մոլորեցնում է միջազգային հանրությանը: Քանի դեռ կողմերը խաղաղ պայմանագիր չեն ստորագրել և չեն կատարում դրա պայմանները, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր հակամարտությունների հանգուցալուծմանը Եվրոպայում:
Մասնավորապես նա հիշեցրել է 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն:
«Մենք սատարում ենք տարածաշրջանային դերակատարների ու կազմակերպությունների ջանքերին, ներառյալ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Հարավային Կովկասում, Մոլդովայում, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող հակամարտության իրավիճակում: ՄԱԿ-ը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ է անում հակամարտության կողմերին անել ամեն հնարավորը մեղմացնելու համար լարվածությունն ու ընդունել նախկին համաձայնեցված միջոցներն, ուղղված հակամարտության կանխարգելմանը»,-ասել է Գուտերիշն իր ելույթում: