Բաքվում գտնվող Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր այս փուլում հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը:
«Լապշինի դեմ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: Քննության ավարտին նա պետք է կանգնի դատարանի առաջ: Դատավճռի կայացումից հետո կարող է դիտարկվել նրա արտահանձնման հարցը երկրներից մեկին, որի քաղաքացի նա չի հանդիսանում: Մինչև դատարանի վճռի կայացումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկիր»,- ասել է Հուսեյնովն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում:
Փաստաբանի խոսքով՝ Լապշինի ընտանիքի անդամները դեռ չեն դիմել իրեն բլոգերի հետ հանդիպման խնդրանքով:
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար Այդին Սաֆիրխանլինհայտարարել է, թե Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելիս պահպանվել են քրեական և քրեակատարողական օրենսդրության բոլոր պահանջները:
«Ըստ օրենսդրության, քրեական պատասխանատվության կանչելու համար կա արտերկրից անձին արտահանձնելու պահանջ: Ըստ դրա, անձի կատարած քրեական արարքների համար հարցում ներկայացրած պետության և հարցումն ընդունած երկրի օրենսդրությունների մեջ պետք է նախատեսված լինի առնվազն 1 տարվա ազատազրկում կամ ավելի խիստ պատիժ»,-ասել է Սաֆիրխանլին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Թրենդի վրա հղումով:
Նա նշել է, որ Լապշինի դեպքում նրան սպառնում է առնվազն 1 տարվա ազատազրկում: «Լապշինի արարքների համար ըստ Ադրբեջանի ՔՕ նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում»,-ասել է նա: