Եթե գործեր կան, որոնք բացահայտված չեն, և օրինապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք էլ դրանք հասցնենք մինչև վերջ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք դաշինքի օրակարգում կա՞ մարտի 1-ի դեպքերի բացահայտումը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրենք բացառապես գործելու են օրենքի շրջանակներում:
«Եթե կան թերություններ, որոնք նախկինում եղել են և մինչև հիմա բացահայտված չեն, անկասկած, մենք մեր ներուժը կօգտագործենք, որպեսզի այդ ամենը բացահայտվի»: Նա ընդգծել է, որ խոսքը միայն Մարտի 1-ի մասին չէ ու զարմացել, թե ինչո՞ւ է միշտ շեշտը դրվում Մարտի 1-ի վրա: Երբ լրագրողները հիշեցրել են, որ այդ իրադարձությունների հետևանքով 10 մարդ է զոհվել և մեղավորները չեն պատժվել, Օհանյանը կրկնել է՝ իրենց ներուժը կօգտագործեն, որպեսզի այդ ամենը բացահայտվի:
Նախկին պաշտոնյան նաև դրական պատասխան է տվել հարցին, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բայց հրաժարվել է անուններ հնչեցնելուց.
«Քաղբանտարկյալներ այսօր Հայաստանում, իհարկե, կան, բայց ես այսօր չեմ ուզում այդ ուղղությամբ խոսել»: