Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12, հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ-ն:
"Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական", - ասված է հաղորդագրությունում: ԼՂ ՊԲ-ն նաև ներկայացրել է դրոնով նկարած տեսանյութ, որտեղ կարմիր կլորների մեջ են վրցված ադրբեջանցի զոհված զինվորականները:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Ադրբեջանական կողմին հաջողվել էր գրավել հայկական մի քանի մարտական դիրքեր, որոնք հետագայում ղարաբաղյան ուժերը կրկին վերցրել էին վերահսողության տակ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և մեկ տասնյակից ավել տանկեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: Հայկական կողմի կորուստները՝ 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնում է 12 զոհերի մասին, սակայն, ըստ հայկական կողմի տեղեկատվության, նրանց թիվն անցնում է 200-ից: