Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «իմունիտետը» շատ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները և չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ։ Հենց այդ՝ անընդհատ ավելացող ամրության պաշարն է նաև, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել։ Այս մասին ՀՀԿ համագումարում հաշվետու ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Մասնավորապես, 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ։ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ` միաժամանակ դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք երբեմն համեմատվում են նախորդ դարի երեսնականների մեծ դեպրեսիայի հետ»,- թվարկեց նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով` այդ պայմաններում կարողացանք ոչ միայն չդոփել տեղում, այլև նոր հորիզոններ բացել երկրի զարգացման համար, փոխել տնտեսության կառուցվածքը՝ դարձնելով այն ավելի բազմազան, նաև տնտեսության կառուցվածքում էականորեն մեծացնել արտահանումը՝ միաժամանակ կրճատելով ներմուծման ծավալները։
«Եթե ընդամենը դարասկզբին արտահանելի հատվածի նպաստումը կազմում էր մեր ՀՆԱ-ի աճի մոտ 20-23%-ը, ապա վերջին հինգ տարիներին այն կազմել էր 72%-ը: Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ։ Տնտեսական աճի կառուցվածքի նման փոփոխությունը մի կողմից պարտադրվեց 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով, մյուս կողմից դարձավ Հայաստանի ընտրած տնտեսական քաղաքականության լրջագույն ձեռքբերումը։ Տնտեսական աճի կախվածությունը դրամական փոխանցումներից իր տեղը զիջեց ներքին տնտեսական գործոնների գերակայությանը։ Արդյունքում՝ 2007-2015 թվականներին աշխատողների իրական աշխատավարձն աճեց 39.2 տոկոսով։ Սա հնարավոր է դարձել ոչ միայն իրական տնտեսական աճ ապահովելու արդյունքում, այլև ընդհանրապես և մասնավորապես՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի տարիներին գների կայունությունն ապահովելու արդյունքում»,- ասաց նա։
Նշելով, որ վերջին տարիներին աճել են ինչպես աշխատավարձերն, այնպես էլ կենսաթոշակները, նախագահը նկատեց, որ իհարկե հարց է ծագում՝ եթե աշխատավարձերն աճել են, կենսաթոշակն աճել է ու տնտեսությունը նույնպես աճել է, ապա ինչպիսի՞ն է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը։ «Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ։ Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին։ Այսպիսով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկրում կտրուկ աճել էր աղքատության մակարդակը՝ մեծացնելով աղքատությունը մոտ 9 տոկոսով։ 2010 թվականին այն կազմեց 35.8 տոկոս։ Սակայն գործադրված հետևողական ջանքերի շնորհիվ հաջողվեց այն աստիճանաբար կրճատել՝ 2015 թվականին հասցնելով մինչև 29.8%: Այսպիսով, արտաքին եկամուտների անկմամբ պայմանավորված աղքատության աճը կարողացանք նվազեցնել ներքին տնտեսության իրական աճի հաշվին։ Սա պետք է համարել անկախ Հայաստանի էական տնտեսական ձեռքբերումը, որի հիմքի վրա էլ պիտի հաղթահարենք հետագա վերելքը՝ աղքատության նվազումն ու բարեկեցության աճը խթանելով»,- շեշտեց նա։
Նախագահի խոսքով` ՀՀԿ-ն բավարարված չէ առկա ցուցանիշներով: Այդ իսկ պատճառով գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը.
«Այլևս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- հավաստիացրեց Սերժ Սարգսյանը։
Նախագահը նշեց, որ Հայաստանը միշտ ձգտել է իրար կապել Հյուսիսը և Հարավը, կամուրջներ գցել Արևելքի և Արևմուտքի միջև, քանզի Հայաստանի լեռներում կղզիանալը երբեք մեր ցանկությունը և նպատակը չի եղել: Եվ այսօր էլ պետությունը բաց է համագործակցության համար:
«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր հանդեպ վարվող քաղաքականությունը մեզ այլընտրանք չի թողնում: Մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն նաև վստահ ենք, որ պարզապես մեկ-երկու կետով առավելություն ունենալով մեր մրցակիցների հանդեպ չենք կարողանա արդյունավետորեն զարգանալ: Մենք պետք է դառնանք անգերազանցելի այն բնագավառներում, որտեղ մեր աճի հնարավորությունները կախված չեն լինելու մեր անբարյացակամ հարևանների քաղաքականությունից: Արդեն սահմանել ենք մի շարք առաջնահերթություններ, որոնց շարքում են գյուղատնտեսությունը, կրթությունը և նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, ոսկերչությունը և ակնագործությունը, ֆինանսաբանկային ծառայությունները, զբոսաշրջությունը: Այս ցանկն, անշուշտ, կարելի է շարունակել: Մենք պետք է իսկապես մրցունակ լինենք ողջ տարածաշրջանի մակարդակով»,- ասաց նա` հավելելով, որ «հայկական»-ը պետք է լինի «լավագույն»-ի հոմանիշը: