ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում հանձնարարեց մի շարք նախարարների համատեղ քննարկել և հնգօրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ՝ ՀՀ-ից Իրան սննդամթերք և գյուղմթերք արտահանելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ:
Հանձնարարականներ ստացան մասնավորապես Տնտեսական զարգացման և ներդրումների, Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարները: Հանձնարարական ստացավ նաև ՊԵԿ նախագահը՝ ձեռնարկատերերի հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:
Վարչապետը հանձնարարեց նաև աշխատել իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա հայկական արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի հայկական արտադրանքը համապատասխանի Իրանում պահանջվող չափորոշիչներին:
«Իրանն ունի մեծ շուկա, որն ունի մեջ պահանջարկ, իսկ Հայաստանն այդտեղ զբաղեցնում է չնչին տոկոս: Արդյունավետ աշխատելով՝ հնարավոր է իրանական շուկայում մեծ մասնաբաժին ունենալ»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Նշվեց, որ աշխատանքային խմբի ղեկավարը մինչև դեկտեմբերի 25-ը կատարված աշխատանքների մասին պետք է ներկայացնի հաշվետվություն: