«Բրեքսիթից» ու Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո տագնապ է առաջացնում այն փաստը, որ Բուլղարիան ու Մոլդովան՝ երկու երկրներ, որոնք ժամանակին Կրեմլի լծի տակ են եղել, անցած կիրակի ընտրել են ռուսամետ նախագահների»,- ասվում է The New York Times–ի խմբագրական հոդվածում։
«Գուցե պատճառները գերազանցաբար ներքաղաքական են, բայց ընտրությունների արդյունքներն անկասկած ավելի շատ կսասանի եվրոպական միասնականությունը»,- համարում է թերթը։ Երկու երկրներում էլ ընտրությունների արդյունքների վրա ուժեղ ազդել են կոռուպցիայից ու կենսամակարդակից ժողովրդի դժգոհությունը։
«Բայց այն, որ մարդիկ երես են թեքել արեւմտամետ թեկնածուներից ու աջակցել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներին, եւս մեկ վկայություն է, որ մարդիկ հիասթափված են արեւմտյան ազատական արժեքներից եւ այդ հիասթափությունը աճում է Արեւելյան Եվրոպայում ու սրվում ներգաղթականների ալիքի պատճառով»,- գրում են հոդվածագրերը։ Թերթի կարծիքով ազգայնական ու հակագլոբալիզացիոն տրամադրությունները տարածվել են Եվրոպայով մեկ, իսկ ԱՄն-ում նպաստել Թրամփի ընտրվելուն։
Թերթի կարծիքով, Բուլղարիայում ու Մոլդովայում ընտրությունների արդյունքները Ռուսաստանի հետ տնտեսական ու աշխարհագրական կապերի արտացոլումն են։ « Ոչինչ չի վկայում այն մասին, որ Բուլղարիայի ու Մոլդովայի ընտրողները ուզում են վերականգնել Ռուսաստանի տիրապետությունը։ Բայց «Բրեքսիթի» ու Թրամփի հաղթանակը ցույց են տալիս, որ անհաղթահարելի խնդիրների կապակցությամբ ժողովրդական դժգոհությունը կարող է շատ անսպասելի ու ճակատագրական հետեւանքներ ունենալ»,- գրում է թերթը։
Այս իրավիճակում կրկնակի կարեւոր է, որ արեւմտյան առաջնորդները դիմադրեն «ժամացույցի սլաքները հետ տանելու» բոլոր փորձերին, ամփոփում է պարբերականը։