Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում է ակնկալում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի լույս 16-ի գիշերը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Թուրքերը նաև ակնկալում են Թրամփից, որ նա կդադարեցնի գործակցությունը սիրիացի քրդերի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Մեզ համար մեծ նշանակություն ունի ոչ այնքան նորընտիր նախագահի անձը, որքան այն, թե ինչ ռազմավարություն է նա որդեգրելու թուրք-ամերիկյան հարաբերություններում: Մասնավորապես, մենք հուսով ենք, որ նոր վարչակազմի օրոք կարագանա Գյուլենի արտահանձնման գործը, Վաշինգտոնը կհրաժարվի սիրիական քրդամետ «Ժողովրդավարական միություն» կուսակցության հետ համագործակցությունից և սերտ կգործակցի Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում»,-ասել է թուրք փոխվարչապետը Ստամբուլում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քուրթուլմուշն ասել է, թե Թրամփի հաղթանակը կարող է նպաստել սիրիական հակամարտության հանգուցալուծման որոնումների ակտիվացմանը:
«Կարծում եմ, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն սերտ համատեղ աշխատանք կսկսեն սիրիական խնդրի հանգուցալուծման ուղղությամբ»,-ասել է նա: