Վրաստանի իշխանությունները մինչև վերջ չեն ասում ճշմարտությունը և երկրի բնակչության մոտ կեղծ սպասումներ են ստեղծում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում՝ Միացյալ Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն, փոխանցում է EADaily-ն:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր բնակչությանը մինչև վերջ ճշմարտությունը չեն ասում: Իշխանությունները կեղծ սպասումներ են առաջացնում: Արդեն նոր գաղափարներ են ծագել, որ վիզային լիբերալիզացիայի հարցերը կկապվի ընտրությունների անցկացման հետ: Դա արդեն լուրջ ազդակ է, որ վիզային ռեժիմի ազատականացումը պրոբլեմատիկ կլինի մեր երկրի համար»,-նշել է Բուրջանաձեն:
Նրա խոսքով, բնակչությանը պետք է հստակ բացատրել այն ամենն, ինչը կապված է ԵՄ-Վրաստան առանց վիզային ռեժիմի հետ, որ այն Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն չի տալիս աշխատել Եվրոպայում:
«Ես շատ լավ գիտեմ, որ մեր բնակչության մեծամասնությունն ակնկալում է, որ վիզային ռեժիմի ազատականացումը հնարավորություն կտա իրենց մեկնելու և աշխատելու Եվրոպայում: Դա սուտ է: Մարդիկ չեն կարողանա այնտեղ մեկնել աշխատելու և խոսքը աշխատանքային վիզաների մասին չէ: Իշխանությունները պետք է դրա մասին հայտնեն բնակչությանը»,-նշել է նա:
Վրաստանը՝ Մոլդովայի և Ուկրաինայի հետ 2014թ.-ի հունիսի 27-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Մարտին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խոհրդարանին է ներկայացրել օրենսդրական առաջարկություն Վրաստանի բիոմետրիկ անձնագիր ունեցողներին կարճատև՝ մինչև 90 օրով և 180 օրվա համար վիզային ռեժիմի չեղարկման վրաբերյալ: