Անհայտ անձինք զավթել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Airbus 320 ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Ալեքսանդրիա-Կահիրե ուղղությամբ: Այն օդ է բարձրացել առավոտյան ութին: Կիպրական ռադիոյի փոխանցմամբ, ինքնաթիռում գտնվում է 55 ուղևոր և անձնակազմի յոթ անդամներ: Մինչ այդ հաղորդվում էր 80 ուղևորի մասին: Ինքնաթիռը գրաված մարդկանց ճշգրիտ թիվը անհայտ է: Հայտնի է, որ նրանցից մեկը զինված է:
Վերջին տվյալներով, ինքնաթիռը վայրէջք է կատարել կիպրական Լարնակա օդանավակայանում, որտեղ այս պահին ճգնաժամային շտաբ է աշխատում: Հանցագործները դեռևս կապի դուրս չեն եկել և պահանջներ չեն ներկայացրել: Լարնակայի օդանավակայանը փակ է: